«ԱԺ-ում քննարկումները հաճախ լեզվական փոխհրաձգությունների կամ վիրավորանքների դաշտ են տեղափոխվում»
24.12.2019 | 01:22
7-րդ գումարուման Ազգային ժողովի գործունեությունն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ արդյունավետ է համարում, քանի որ մի շարք օրենքներ են ընդունվել, որ կարող են խթանել բնակչության բարեկեցությունը: «Իրատեսի» հետ զրույցում տիկին Հովսեփյանն առանձնացնում է՝ խորհրդարանական աշխատանքների առաջին կիսամյակը կարելի է որակել որպես կողմնորոշման ու օրենքների ուսումնասիրության փուլ, երկրորդը՝ օրենքների մշակման ու տարբեր նախաձեռնություններով հանդես գալու ընթացք: Վստահ է՝ 2020-ին օրենսդիրն ավելի արդյունավետ է աշխատելու:
«Բնական էր, որ համագործակցության մասով սկզբնական շրջանում դժվարություններ կլինեին, քանի որ մեկս մյուսին ճանաչելու, միմյանց կարողություններն ու ունակությունները հասկանալու խնդիր ունեինք: Չեմ ժխտի՝ եղել են նաև դժվարություններ, որոնք բաց ու անկեղծ հաղորդակցման արդյունքում հաղթահարվել են: Դրանք հիմնականում կապված են եղել մոտեցումների հետ: Օրինակ՝ մարզերի ներկայացուցիչ պատգամավորները գրեթե բոլոր հարցերը կամ խնդիրները դիտարկում են մարզերի բնակիչների աչքերով՝ ի տարբերություն այն պատգամավորների, որ ավելի քիչ են շփվում մարզաբնակների հետ: Ինչ վերաբերում է խորհրդարանականներիս թերացումներին, ապա դրանց ցցուն, ընդգծված օրինակներ կամ դեպքեր չեմ կարող նշել»,- ընդգծում է Սոֆյա Հովսեփյանը:
Ի տարբերություն «Իմ քայլի» ներկայացուցչի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ նկատում է՝ խորհրդարանն այդքան էլ արդյունավետ չի աշխատել. «Ցավոք սրտի, մեկ տարվա ընթացքում շատ կարևոր, օրակարգային օրենսդրական նախաձեռնությունների քննարկման փոխարեն Ազգային ժողովը վերածվում էր օրակարգի հետ կապ չունեցող առանձին հայտարարությունների կամ երևույթների քննարկման հարթակի, ինչի օգտակար գործողության գործակիցն ինձ համար զրոյական էր: Բոլորս էլ պետք է քաջ գիտակցենք այն առաքելությունը, որի համար ժողովուրդը մեզ գործուղել է խորհրդարան: Հուսով եմ՝ եկող տարի խորհրդարանական աշխատանքն ամփոփելիս, հնարավոր կլինի խոսել մեր աշխատանքի նոր որակի ու բովանդակության մասին»:
ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծում է՝ «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից» հետո տոտալ անհանդուժողականությունը նաև խորհրդարանական հարթակ է տեղափոխվել: Հավելում է՝ բովանդակային քննադատության դիմաց անձնական վիրավորանքների տեղատարափի առկայությունն արդեն օրինաչափ է դարձել: «Եթե խորհրդարանական ընդդիմությունը բովանդակային քննադատության է ենթարկում այս կամ այն օրենսդրական նախաձեռնությունը, ապա դա երբևէ ինքնանպատակ չի արվում: Ինքներդ էլ բազմաթիվ անգամ ականատես եք եղել, որ քննադատություններից հետո քննարկումները, դժբախտաբար, տեղափոխվել են լեզվական փոխհրաձգությունների կամ վիրավորանքների դաշտ: Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է դադարեցնելու պայքարը անցյալի ստվերների դեմ: Մեր երկրում տեղի են ունեցել փոփոխություններ, ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով ձևավորվել է նոր խորհրդարան, և պետք է փորձել առավելագույնս արդյունավետ աշխատել մեզ վերապահված գործառույթներն իրականացնելու համար: Շատ կցանկանամ՝ հետայսու առիթ չունենանք բարձրաձայնելու, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, նախկինում ձևավորված վատ ավանդույթի համաձայն, շարունակաբար և օրինաչափորեն մերժվում են կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության կողմից: Բոլորս պետք է քաջ գիտակցենք՝ համատեղ ու արդյունավետ աշխատանքից շահելու են մեր բնակչությունն ու Հայաստանի Հանրապետությունը»,- ասում է Իվետա Տոնոյանն ու շեշտում՝ փոխադարձ լեզվակռիվներն ու կսմիթները որևէ լավ բանի չեն հանգեցնելու:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆՆ էլ հավելում է, որ նախորդ տարի իրենց խմբակցությունը հանդես է եկել 90-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններով, որոնցից ընդունվել է միայն 9-ը: Հավատացնում է՝ խմբակցությունը հնարավորությունների սահմանում արել է առավելագույնն ու փորձել հնարավորինս արդյունավետ աշխատել: Պարոն Աբովյանն ընդգծում է՝ այլ խմբակցության ներկայացուցիչների հետ համագործակցությունը հեշտ չի եղել, յուրաքանչյուր նախագծի շուրջ բավական բուռն քննարկումներ են ծավալվել. «Մեր խմբակցության կողմից լուրջ աշխատանքներ են տարվել արտասահմանյան գործընկերների հետ: Բոլոր հարցերը, որ քննարկվել են ներքին ու արտաքին հարթակներում, չեն վրիպել մեր ուշադրությունից: Ազգային ժողովի աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է առավել իրատես լինենք, մի կողմ դնենք անձնական ամբիցիաներն ու աշխատենք մեր հայրենիքի հզորացման ու բարգավաճման համար»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ խորհրդարանի մեկամյա աշխատանքը դիտարկում է երեք բաղադրիչով՝ գաղափարաքաղաքական, ըստ կարողությունների ու համագործակցության պատրաստակամության։ «Գաղափարաքաղաքական առումով այն աչքի չի ընկել: Մեկ տարվա ընթացքում խորհրդարանը հնարավորություններ է ունեցել ինստիտուտիցիոնալ փոփոխություններով զարգացնելու պառլամենտարիզմը, սակայն հենց տարվա սկզբում մեծամասնությունը երկրորդ անգամ երկրում սուպերվարչապետական համակարգ հաստատեց: Եթե օրենսդրի աշխատանքները գնահատենք ըստ կարողությունների, ապա, ի տարբերություն նախորդների, այս խորհրդարանն առավել քան զարգացած է, ինտելեկտուալ և աչքի է ընկնում պառլամենտական դիվանագիտությամբ: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա թեև իշխող մեծամասնությունը մշտապես պատրաստակամություն է ցուցաբերում, բայց հաճախ կարևոր քննարկումների ժամանակ մեր գործընկերները չհարդուրժող են այլընտրանքային մոտեցումների և խոսքի նկատմամբ։ Սա, կարծում եմ, բարձր լեգիտիմության բարդույթ է, որը նրանք չեն կարողանում հաղթահարել, իսկ դա վտանգավոր է։ Հետագա աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորներին հորդորում եմ ընդդիմության կողմից ներկայացված նախագծերն ավելի հաճախ հերթական նստաշրջանի օրակարգում ներառել: Սեր և համերաշխություն եմ մաղթում գործընկերներիս»։
Խորհրդարանի աշխատանքների արդյունավետությունն ու անարդյունավետությունն ամենից լավ թերևս մենք՝ լրագրողներս, կարող ենք գնահատել: Ազգային ժողովի աշխատողներն օրնիբուն լուսաբանողներս տեսնում ենք թե՛ աշխատողներին, թե՛ գլուխ պահողներին, թե՛ նիստերից հաճախակի բացակայողներին, թե՛ ուղղակի կոճակ սեղմողներին: Ի տարբերություն պատգամավորների, որոնք ունեն իրենց աշխատասենյակները, պարգևավճարներ են ստանում ու գործուղումների մեկնում, աննկարագրելի բարդ է մեր աշխատանքը, երբ ինչ-որ հարցի առնչությամբ հարցազրույց ենք ցանկանում վերցնել, իսկ պատգամավորը «տեղում չէ», «այսօր չի գալու», «արդեն դուրս է եկել», «հանդիպման է» և այլն: Ըստ մեր ուսումնասիրության՝ ամենից պարտաճանաչը «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն են, անպարտաճանաչը՝ «Բարգավաճ Հայաստանինը»: Իմ-քայլականները` խորհրդարանի նվիրյալները, համեստորեն, լուռումունջ աշխատում են, ուղղակի փափուկ աթոռներ զբաղեցնողներն ԱԺ են գալիս ասել-խոսելու և գեղեցիկ լուսանկարներ հրապարակելու համար:
7-րդ գումարման Ազգային ժողովը ես անվանում եմ «ծափահարողների»: Իշ-խանափոխությունից հետո օրենսդիր մարմին եկածներն ամեն մի «հուզիչ» ելույթից հետո ծափ տալուց չեն կաշկանդվում: Եթե նախկինում պատգամավորները ծափահարում էին իրենց հյուրընկալած աշակերտներին, ուսանողներին կամ օրվա հոբելյարին, ապա «երիտասարդական» խորհրդարանը հիմնականում վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ծափահարում: Մեզ՝ լրագրողներիս համար երևույթը խորթ է, ըստ տրամաբանության՝ քաղաքական գործիչների ելույթներից, հարցուպատասխաններից ոչ թե ոգևորվել, այլ դատողություններ անել է պետք: Նորեկները, փաստորեն, իրենց առաջնորդի ասածը ոչ թե ի գիտություն են ընդունում, այլ որպես անվերապահ ճշմարտություն և հայտնում իրենց համաձայնությունը նրա ամեն մի ասածին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ